Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Իրանը բավարար նյութեր ունի մեկից ավելի միջուկային ռումբ ստեղծելու համար:
«Իրանն այսօր բավականաչափ միջուկային նյութ ունի, որպեսզի մի քանի ռումբ արտադրի, դա չի նշանակում, որ նրանք ռումբ են պատրաստում, բայց դրանում անհրաժեշտ է լիակատար թափանցիկություն», – Գրոսիի խոսքերն է մեջբերում ТАСС-ը:
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը նաև նշել է, որ «Իրանի հետ այժմ բարդ պահ է։ «Մենք պլանավորել էինք այցը նոյեմբերի վերջին, որպեսզի ստուգենք երեք օբյեկտ, սակայն Թեհրանը դադարեցրել է առաքելությունը։ Իրավիճակը լճացման վիճակում է, մինչդեռ Իրանը հայտարարել է հարստացված ուրանի արտադրության եռակի ավելացման մասին», – ասել է Գրոսին։
Գործակալությունը նշում է, որ նոյեմբերին Իրանը հայտարարել էր, որ կվերանայի ՄԱԳԱՏԷ-ի հետ իր համաձայնագրերը գործակալության վերջին բանաձևի լույսի ներքո, որում Թեհրանին ուղղված կոչ էր արվում շտապ կարգով բացատրել միջուկային նյութի ծագումը, որն ավելի վաղ հայտնաբերվել էր իր օբյեկտներում, և տրամադրել փաստաթղթեր և հասանելիություն այդ օբյեկտներին: Այնուհետև Իրանը սկսեց ուրանի հարստացումը մինչև 60% Ֆորդոյի իրանական միջուկային օբյեկտում: