ԱՄՆ-ում 51 տարի անց դայակի կողմից առևանգված աղջիկը վերամիավորվել է ընտանիքի հետ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
1971 թվականին 1 տարեկան, 10 ամսական Մելիսա Հայսմիթին առևանգել է դայակը՝ Ֆորտ Ուորթի իր տանից։ Ընտանիքի երկար տարիների փնտրտուքն անարդյունք էր, մինչև որ ԴՆԹ-ի նմուշները, որոնք ուղարկվել էին նախնիների գենետիկական կայքին, համապատասխանություն են գտել:
Մելիսայի մայրը՝ Ալտա Ապատենկոն, դայակ էր վարձել 1971 թվականի օգոստոսին՝ տեղական թերթերից մեկում հրապարակված գովազդի հիման վրա։ Դայակը խոստացել էր երեխային տանը խնամել։ Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում նա անհետացել էր երեխայի հետ միասին, որից հետո Հայսմիթների ընտանիքի, ոստիկանության և դաշնային իշխանությունների կողմից սկսվէլ էր տասնամյակների որոնումը:
2022 թվականի սեպտեմբերին ընտանիքն իմացել էր, որ Մելիսային նկատել են Հարավային Կարոլինայում։ Մելիսան, որն արդեն կրում էր Մելանի Ուոլդեն անունը, չգիտեր, որ ինչ-որ մեկը փնտրում է իրեն։ Եվ սկզբում նա նույնիսկ խարդախություն է համարել ընտանիքի՝ Ֆեյսբուքի միջոցով կապ հաստատելու փորձերը։
Այնուամենայնիվ, նոյեմբերի 6-ին 23AndMe-ի կայքի ԴՆԹ թեստի միջոցով հաջողվել է պարզել իրականությունը։ Ընտանիքը համացանցում ասել է, որ իրենք անցել են «հաջորդ պաշտոնական և օրինական ԴՆԹ թեստը» ևս։
Ինչ վերաբերում է Մելիսային առևանգող , ապա նրա մասին դեռ տեղեկություններ չկան։ Ինքը՝ Հայսմիթը, ասում է, որ իրեն դաստիարակող կինը խոստովանել է, որ Մելիսան առևանգված երեխա է։
Թեև առևանգման գործով վաղեմության ժամկետը վաղուց լրացել է, ոստիկանության Ֆորթ Ուերթի բաժինը հայտնել է, որ կշարունակի հետաքննությունը՝ պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել:
Վերամիավորված ընտանիքն այժմ լրացնում է կորցրած ժամանակը և ծանոթանում միմյանց հետ: Այսպիսով, Հայսմիթի քույրերն ասել են, որ նա նախատեսում է կրկնել հարսանիքը իր ներկայիս ամուսնու հետ, որպեսզի իր կենսաբանական հայրը կարողանա ուղեկցել իրեն եկեղեցի։