Նյու Յորքի դատարանն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքին պատկանող Trump Organization-ին մեղավոր է ճանաչել հարկային խարդախության մեջ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Դատավարության ընթացքում ո՛չ Թրամփը, ո՛չ նրա ընտանիքը մեղադրյալներ չեն եղել, սակայն ընկերությունը տնօրինում է նրանց ունեցվածքը՝ ներառյալ հյուրանոցները, գոլֆի ակումբները և այլ գույք ամբողջ աշխարհում:
Երկու օր քննարկելուց հետո դատարանը հայտնել է, որ Trump Organization-ը մեղավոր է դատախազների կողմից ներկայացված բոլոր 17 մեղադրանքներում: Դատարանը պարզել է, որ Թրամփի ընկերության աշխատակիցները 10 տարուց ավելի որոշակի եկամուտներ չեն հայտարարագրել, ինչի արդյունքում զգալի չափով հարկեր են չեն վճարվել։
Գործով գլխավոր մեղադրյալը եղել է Trump Organization-ի նախկին ֆինանսական տնօրեն Ալան Վայսելբերգը, որն իրեն մեղավոր է ճանաչել և ցուցմունք տվել ընկերության դեմ։ 75-ամյա Վայզելբերգը բանտում կանցկացնի 5 ամիս։ Նա պետք է վերադարձնի նաև ավելի քան 1,7 մլն դոլար չհայտարարված եկամուտ։
Դատավճռում, մասնավորապես, ասվում է, որ Վայզելբերգն ընկերությունից ստացել է չհայտարարագրված թանկարժեք մեքենաներ, կահույք և հանգստի գումար։ Ընկերությունը վճարել է նաև նրա թոռան մասնավոր ուսման համար։
«13 տարվա ընթացքում Trump Corporation-ը և Trump Payroll Corporation-ը (ընկերություն, որը պատասխանատու էր Trump Corporation-ի աշխատավարձերի վճարման համար) անպատիժ կերպով վարել են մի սխեմա, որով ավագ մենեջերներն ստացել են առատաձեռն հավելյալ արտոնություններ և վճարումներ՝ միտումնավոր թաքցնելով հարկային մարմիններից»,- ասել է դատախազ Ալվին Բրագը։
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դատավարությունը քաղաքական դրդապատճառներ ունի և այն անվանել է «վհուկների որս»: Թրամփի փաստաբանները հայտարարել են, որ բողոքարկելու են դատարանի որոշումը։