Չինաստանում քրոսովերի վարորդն ավելի քան 500 կմ է անցել մայրուղով` փորձելով կանգնեցնել մեքենան, հայտնում է Daily Mail-ը` վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:
Haval H6 քրոսովերի վարորդը պատմել է, որ միացրել է կրուիզ-կոնտրոլը` սահմանելով դրա արագությունը 100 կմ/ժ, և դրանից հետո այլևս չի կարողացել անջատել համակարգն ու կանգ առնել։
Տղամարդու խոսքով` երբ նա փորձել է դանդաղեցնել, մեքենան չի արձագանքել իր հրամաններին և շարունակել է շարժվել կրուիզ-կոնտրոլով։ Վարորդը զանգահարել է արտակարգ իրավիճակների ծառայություններ և նախազգուշացրել նրանց իր խնդրի մասին, որից հետո ոստիկանները ապահովել են նրա ուղեկցությունը և հետևել, որ նա այլ մեքենաների հետ չբախվի։ Ուղևորության ընթացքում տղամարդը կապվել է Haval ընկերության ինժեներների հետ, բայց նրանք չեն կարողացել օգնել նրան կանգնեցնել մեքենան:
Արդյունքում Haval H6-ի սեփականատերը ստիպված է եղել մեքենա վարել այնքան ժամանակ, քանի դեռ մեքենայում վառելիքը չի սպառվել։ Նշվում է, որ նրա ուղևորությունը տևել է մոտ 5 ժամ։ Այժմ չինական ավտոարտադրողն ուսումնասիրում է, թե ինչու վարորդը չի կարողացել անջատել կրուիզ-կոնտրոլը։