Կոսովոյի և Մետոխիայի հյուսիսում սերբերը սկսել են բարիկադներ կառուցել «Յարինե» անցակետում նախկին ոստիկան Դեյան Պանտիչի ձերբակալությունից հետո: Ինչպես հաղորդում է ТАСС-ը, սերբերով բնակեցված երկրամասի հյուսիսային մասում չեն աշխատում ինտերնետն ու բջջային կապը:
Պարբերականի տվյալներով՝ խոշոր քաղաքներում ազդանշաններ են միացված, քաղաքացիները հավաքվում են Լեպոսավիչի, Ռուդարի, Սրբովիցի փողոցներում։
Հինգշաբթի երեկոյան չճանաչված Կոսովոյի ոստիկանության հատուկ ստորաբաժանումների շուրջ 350 աշխատակիցներ ներխուժել են Կոսովոյի և Մետոխիայի հյուսիս և մտել Կոսովսկա-Միտրովիցա քաղաք: Բրյուսելի համաձայնագրերով Կոսովոյի ոստիկանությունն իրավունք չունի մուտք գործել սերբական շրջաններ առանց սերբ քաղաքապետերի համաձայնության։
Տեղական ԶԼՄ-ների պնդմամբ՝ չճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին այդ կերպ «անցել է Կոսովոյի հյուսիսի և Մետոխիայի օկուպացիայի եզրափակիչ փուլին»։
Ի պատասխան Բելգրադը հայտարարել է, որ կքննարկի Սերբիայի անվտանգության ուժերի 1000 ներկայացուցիչների վերադարձը Կոսովոյի և Մետոխիայի տարածք՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի 1244 բանաձևին համապատասխան։