Ադրբեջանի կողմից Ուկրաինային տրանսֆորմատորների և գեներատորների փոխանցումը «որպես մարդասիրական օգնություն» տարակուսանք է առաջացնում Ռուսաստանի մոտ։ Այս մասին դեկտեմբերի 15-ին ТАСС-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ աղբյուրը։
«Բաքվի կողմից նման քայլը տարակուսանք է առաջացնում։ Հատուկ ռազմական գործողության շրջանակներում Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը ոչնչացնում են Ուկրաինայի կրիտիկական ենթակառուցվածքը, որն օգտագործվում է Կիևի ռեժիմի կողմից ռազմական կարիքների համար։ Ադրբեջանական մատակարարումները, որոնք դժվար թե սկզբունքորեն փոխեն իրավիճակը, մարդասիրական օգնության չեն ձգում», – նշել է աղբյուրը։
Աղբյուրը նաև ուշադրություն է հրավիրել որոշ ադրբեջանցի մեկնաբանների կարծիքի վրա, որոնք նշել են, որ մատակարարված սարքավորումները պահանջված են հենց Հանրապետությունում՝ հաշվի առնելով ղարաբաղյան տարածքների հետկոնֆլիկտային վերականգնման անհրաժեշտությունը և աճող սոցիալ-տնտեսական մարտահրավերները:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը դեկտեմբերի 10-ին հաղորդել է, որ ի պատասխան Կիևի դիմումի՝ «ստեղծված իրավիճակում տուժած տարածքների էլեկտրաէներգիայի կայուն մատակարարումը վերականգնելու նպատակով ադրբեջանական կողմը հումանիտար օգնություն է ուղարկել ուկրաինացի ժողովրդին՝ բաղկացած հիմնական էլեկտրական սարքավորումներից»՝ ավելի քան 800 հազար դոլարի չափով: ՌԴ ԱԳՆ տվյալներով՝ հումանիտար բեռը ներառում է 45 ուժային տրանսֆորմատոր և 50 գեներատոր։