Հունգարիայի, Ռումինիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև էլեկտրաէներգիայի մատակարարումների մասին համաձայնագիրը կարևոր քայլ կդառնա Եվրոպայի էներգետիկ անվտանգության ամրապնդման ճանապարհին, որին անհրաժեշտ են նոր էներգետիկ աղբյուրներ: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ շաբաթ օրը հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով չորս երկրների միջև պայմանավորվածության կնքումը։
Վրաստանով Ադրբեջանից, այնուհետև Սև ծովի հատակով Սուզանավային մալուխով Ռումինիա, իսկ այնտեղից Հունգարիա էլեկտրաէներգիայի մատակարարման մասին համաձայնագիրը պետք է ստորագրվի շաբաթ օրը Բուխարեստում այդ պետությունների ղեկավարների կողմից։ «Էներգետիկ անվտանգությունը ֆիզիկական, այլ ոչ թե քաղաքական հարց է։ Քաղաքական հայտարարությունների փոխարեն իրական շինարարություն է պետք։ Այսօր Բուխարեստում մենք կարևոր քայլ ենք կատարում այդ ուղղությամբ», – գրել է Հունգարիայի ԱԳ նախարարը Facebook-ի իր էջում։
Սիյարտոն նշել է, որ խոսքը գնում է եզակի նախագծում համատեղ ներդրումների մասին, քանի որ հազար կիլոմետրանոց ստորջրյա մալուխով կմատակարարվի «կանաչ էլեկտրաէներգիա», որն Ադրբեջանում ստացվել է էկոլոգիապես մաքուր ճանապարհով: Բացի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիից, Բուխարեստ է ժամանել Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
Այս նախագծին Եվրամիության երկու անդամների՝ Հունգարիայի և Ռումինիայի մասնակցությունը թույլ է տալիս հույս դնել ԵՄ-ի կողմից նրա ֆինանսական աջակցության վրա։ Հունգարիայի կառավարությունը նախատեսում է, որ էլեկտրաէներգիան, որը մատակարարվելու է Ադրբեջանից, մասամբ կօգտագործվի երկրի ներսում, իսկ մասամբ կարտահանվի հարևան երկրներ: Այդ մասին հայտարարել է Սիյարիտոն:
««…» Եվրոպայի էներգամատակարարումը հայտնվել է ճգնաժամի մեջ, որը կարող է վերացվել միայն այն դեպքում, եթե մենք գտնենք էներգիայի նոր աղբյուրներ: Սակայն դա երազանք կմնա այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք ստեղծել էներգիայի փոխադրման նոր ուղիներ», – հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարարը։