Թուրքիայի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտնել է, որ կանխել է Հունաստանի ռազմաօդային ուժերի կողմից Էգեյան ծովի օդային տարածքում թուրքական ինքնաթիռների նոր որսումը։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ ասվում է թուրքական ռազմական գերատեսչության թվիթերյան էջում։
Թուրքիան չի ճանաչում Հունաստանի 10 մղոնանոց օդային գոտին Էգեյան ծովի կղզիների շուրջ՝ համարելով, որ Հունաստանի օդային տարածքը, ինչպես տարածքային ջրերը, սահմանափակված է 6 ծովային մղոնով: Արդյունքում թուրքական կործանիչները պարբերաբար խախտում են հարևան երկրի օդային սահմանները, իսկ Հունաստանը բարձրացնում է իր ինքնաթիռները՝ դրանք որսալու համար։
«Հունաստանի ռազմաօդային ուժերը փորձել են որսալ մեր ինքնաթիռները, որոնք ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում առաջադրանքներ էին կատարում միջազգային օդային տարածքում, նրանց տրվել է անհրաժեշտ պատասխան։ ՆԱՏՕ – ի առաքելությունը հաջողությամբ իրականացվել է», – ասված է հաղորդագրության մեջ։ Թե երբ է տեղի ունեցել այդ միջադեպը Թուրքիայի և Հունաստանի միջև, չի հստակեցվում։
ՆԱՏՕ-ի երկու հարևանների և գործընկերների հարաբերություններում լարվածության հերթական ալիքը ծագեց սեպտեմբերի վերջին, երբ տեղեկություններ հայտնվեցին Էգեյան ծովում հունական Միդիլի (Լեսբոս) և Սիսամ (Սամոս) կղզիներ զրահատեխնիկայի տեղափոխման մասին, որոնք ապառազմականացված կարգավիճակ ունեն: Անկարայում այդ կապակցությամբ հայտարարել են, որ Աթենքն այնտեղ ռազմական տեխնիկա է տեղադրում՝ խախտելով միջազգային համաձայնագրերը, մասնավորապես՝ Լոզանի (1923) և Փարիզի (1947) պայմանագրերը։
Թուրքիան և Հունաստանը նախկինում բազմիցս հայտնվել են ռազմական հակամարտության եզրին՝ վիճելի կղզիների կարգավիճակի, տարածքային ջրերի սահմանների և Էգեյան ծովում օդային տարածքի պատճառով: Հունաստանի տարածքային ջրերն այնտեղ տարածվում են 6 ծովային մղոնի վրա, բայց Աթենքն ասում է, որ իրավունք ունի դրանք ընդլայնել մինչև 12 ծովային մղոն՝ միջազգայնորեն ճանաչված ստանդարտ: Անկարան իր հերթին զգուշացրել է Աթենքին, որ Հունաստանի կողմից նրա տարածքային ջրերի նման ընդլայնումը պատերազմ հայտարարելու առիթ կդառնա։