Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ կլքի Twitter-ի ղեկավարի պաշտոնը, հենց որ գտնի «բավականաչափ հիմար» մեկին՝ այս պաշտոնն զբաղեցնելու համար։ Այս մասին Մասկը գրել է Twitter-ի իր էջում։
«Ես կհեռանամ տնօրենի պաշտոնից, հենց որ գտնեմ ինչ-որ մեկին բավական հիմար, ով կզբաղվի այս աշխատանքով: Դրանից հետո ես կղեկավարեմ ծրագրային ապահովման և սերվերի թիմերը»,- գրել է Մասկը։
Ավելի վաղ Twitter-ի օգտատերերը քվեարկել էին Իլոն Մասկի՝ սոցցանցի ղեկավարի պաշտոնից հեռանալու օգտին։ Քվեարկությունն ավարտվել էր դեկտեմբերի 19-ի կեսօրին, որին մասնակցել էին 17 502 391 մարդ։ Նրանց 57,5%-ը կողմ էր քվեարկել Մասկի հրաժարականին։
Մասկը Twitter-ի լիիրավ սեփականատեր է դարձել հոկտեմբերի 28-ին։ Նա անմիջապես սկսել է սոցիալական ցանցի լայնածավալ բարեփոխումները և լուծարել ընկերության տնօրենների խորհուրդը։