Չինական ByteDance ընկերությունը (TikTok-ի սեփականատերը) ներքին հետաքննությունից հետո խոստովանել է, որ իր աշխատակիցներն անօրինական ճանապարհով ձեռք են բերել ԱՄՆ-ում սոցցանցի որոշ օգտատերերի, այդ թվում՝ երկու լրագրողների տվյալներ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Ըստ թերթի, 2022 թվականի ամռանը ByteDance-ի մի քանի աշխատակիցներ, ովքեր պատասխանատու էին աշխատակիցների վարքագծի մոնիթորինգի համար, փորձել են գտնել լրագրողների ներքին խոսակցությունների և բիզնես փաստաթղթերի ենթադրյալ արտահոսքի աղբյուրներ:
Նրանք մուտք են գործել երկու թղթակիցների և լրագրողների հետ իրենց TikTok հաշիվների միջոցով միացած փոքր թվով մարդկանց IP հասցեներ և այլ տվյալներ։ Միաժամանակ ընկերությունից հայտնել են, որ հնարավոր չի եղել հայտնաբերել արտահոսքի աղբյուրները։
NYT-ի հոդվածում նշվում է, որ հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ Forbes-ը հրապարակել է հոդված, ըստ որի ByteDance-ը նախատեսում է TikTok-ի միջոցով հետևել ԱՄՆ-ի կոնկրետ քաղաքացիների ֆիզիկական գտնվելու վայրը։ Հետաքննությունը հաստատել է այս մտահոգություններից մի քանիսը։
Բոլոր չորս աշխատակիցները, որոնցից երկուսն աշխատում էին Չինաստանում, երկուսը՝ ԱՄՆ-ում, և որոնք մասնակցել են անօրինական այս գործողություններին, ազատվել են աշխատանքից։ ByteDance-ը նաև հայտնել է, որ վերակառուցել է իր ներքին աուդիտի և ռիսկերի կառավարման խումբը։