Հունվարի 8-ին նախագահական ընտրություններում պարտված Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի կողմնակիցները զանգվածային անկարգություններ են սկսել մայրաքաղաք Բրազիլիայում՝ բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ Այս մասին հայտնում է O Globo-ն։
Փայտերով ու քարերով զինված ցուցարարները գրավել են մայրաքաղաքի Կոնգրեսի շենքը, ներխուժել նախագահական նստավայր (Պլանալտո պալատ), ինչպես նաև մտնել Գերագույն դատարանի շենք, որտեղ կոտրել են կահույքն ու խարույկներ վառել։ Բրազիլիայի մայրաքաղաքում մինչև հունվարի վերջ արտակարգ դրություն է հայտարարվել։
Բրազիլիայի մայրաքաղաքի դաշնային շրջանի ռազմական ոստիկանության ուղղաթիռը խլացուցիչ և լուսարձակող նռնակներ, ինչպես նաև արցունքաբեր գազի նռնակներ է նետել ցուցարարների վրա։
Բրազիլիայի ոստիկանական ստորաբաժանումները կարողացել են ցուցարարներին դուրս մղել կառավարական շենքերից, կան շուրջ 400 ձերբակավածներ, որոնց սպասվում է մինչև 12 տարի ազատազրկում։
«Վստահ եղեք, նման բան այլևս չի կրկնվի։ Մենք կփորձենք բացահայտել այս ամենը ֆինանսավորողներին, ովքեր վճարել են այս բոլոր մարդկանց ճանապարհորդության, կացարանի և սննդի համար։ Նրանք թանկ կվճարեն»,- ասել է Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան։
Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոն հայտարարել է, որ Բրազիլիայում կառավարական շենքերի վրա հարձակված ցուցարարները, ի աջակցություն իրեն, խախտել են օրենքը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը, Չիլիի առաջնորդ Գաբրիել Բորիչը, Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել են Բրազիլիայում անկարգությունները։