Արքայազն Հարին վստահություն է հայտնել, որ ինքը և իր կինը՝ Մեգան Մարքլը, չեն կորցնի իրենց թագավորական տիտղոսները։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Արքայազն Հարին իր «The Spare» հուշագրության հրապարակումից առաջ մեկ ժամ տևողությամբ հարցազրույց է տվել լրագրող Անդերսոն Կուպերին: Հաղորդավարի այն հարցին, թե ինչու նա և Մեգանը չհրաժարվեցին իրենց տիտղոսներից, Հարին պատասխանել է. «Եվ ի՞նչ կփոխի դա»:
Անդերսոնը նշել է, որ զույգը բազմիցս նախատվել է այն բանի համար, որ չնայած ԱՄՆ մեկնելուն, նրանք շարունակում են պահանջներ ներկայացնել թագավորական ընտանիքի անդամներին։
«Ամեն անգամ, երբ ես փորձում էի դա անել մասնավոր կերպով, իմ և կնոջս դեմ ճեպազրույցներ, արտահոսքեր և այլ պատմություններ էին լինում: Գիտեք, ընտանիքի կարգախոսն է՝ երբեք չբողոքել, բացատրություններ չտալ։ Բայց դա պարզապես կարգախոս է, որը չի աշխատում»,- ասել է Հարին:
Սասեքսի դուքսն ու դքսուհին 2020 թվականի հունվարի 8-ին հայտարարել էին, որ հրաժարվում են թագավորական պարտականություններից։ Համատեղ հայտարարության մեջ նրանք գրել էին, որ այս որոշմանը եկել են «երկար ամիսների մտորումներից ու ներքին քննարկումներից հետո»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արքայազն Հարին խոստովանել էր, որ Աֆղանստանում զինվորական ծառայության ընթացքում 25 մարդու է սպանել։