Հունվարի 10-ին Հաագայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի ղեկավար՝ Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի նախագահությամբ, տեղի ունեցավ ֆրանկոֆոն դեսպանների խմբի հանդիպումը՝ նվիրված անցյալ տարեվերջին Ջեբրայում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից։
Ջեբրայի գագաթնաժողովի արդյունքների և ընդունված փաստաթղթերի մասին զեկույցներով հանդես եկան Թունիսի դեսպան Սլիմ Ղարիանին և ԵՄ-ում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դեսպան Իսիդորա Մարա Նիանգը։
Դեսպան Բալայանը հատուկ անդրադարձ կատարեց գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթերում Հայաստանի տարածքային ամբողջականության սատարմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնադխնրի խաղաղ կարգավորմանն աջակցությանը, պայմանավորվածությունների անշեղ կատարմանը՝ ընդգծելով, ՖՄԿ անդամ երկրների հստակ դիրքորոշոման կարևորությունը։
Տեղի ունեցավ քննարկում՝ Հաագայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի գործունեության ակտիվացման, ինչպես նաև Հաագայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ֆրանսերենի օգտագործման խթանմանն ուղղված նախաձեռնությունների վերաբերյալ։
Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի և Արցախի հանդեպ Ադրբեջանի շարունակական սադրանքները, Լաչինի շրջափակման հետևանքով արցախահայությանը վրա հասած հումանիտար ճգնաժամը՝ բարձր գնահատելով առկա մարտահրավերներին լուծումներ գտնելուն ուղղված Ֆրանսիայի ակտիվ գործողությունները։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:
Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար: