ԱՄՆ վարչակազմը մտադիր է Կոնգրեսից պահանջել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի հավանությունը։ Այս մասին ուրբաթ հայտնել է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներին, գրում է ТАСС-ը։
Պարբերականի տվյալներով՝ խոսքը 40 նոր կործանիչների, ինչպես նաև այդ տեսակի 79 ինքնաթիռների արդիականացման համար նախատեսված լրակազմերի վաճառքի մասին է: Բացի այդ, ԱՄՆ-ն մտադիր է Թուրքիային վաճառել «օդ-օդ» դասի 900 հրթիռ և 800 ավիառումբ։
Պարբերականը նշում է, որ Թուրքիային F-16-ի վաճառքի որոշման հետ միաժամանակ ամերիկացի օրենսդիրները կարող են հավանություն տալ Հունաստանին 5-րդ սերնդի F-35 կործանիչների վաճառքին: Թերթի գնահատականներով՝ դա թույլ կտա նվազեցնել Աթենքում դժգոհության աստիճանը՝ կապված Վաշինգտոնի և Անկարայի միջև հնարավոր գործարքի հետ։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Թուրքիային կործանիչների վաճառքի դեմ է հանդես եկել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, դեմոկրատ Բոբ Մենենդեսը: «Ինչպես ես բազմիցս հստակ հասկացրել եմ, ես վճռականորեն դեմ եմ Բայդենի վարչակազմի առաջարկած Թուրքիային նոր F-16 ինքնաթիռների վաճառքին», – հայտարարել է Մենենդեսը:
Սենատորի խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անտեսել է մարդու իրավունքներն ու ժողովրդավարական նորմերը և զբաղվել է «Թուրքիայում և ՆԱՏՕ-ի հարևան դաշնակիցների դեմ տագնապալի ու ապակայունացնող պահվածքով»: «Մինչև Էրդողանը չդադարեցնի իր սպառնալիքները։.. Եվ չի սկսի իրեն պահել այնպես, ինչպես վայել է վստահելի դաշնակցին, ես հավանություն չեմ տա այդ վաճառքին», – ընդգծել է նա։
Մենենդեսը նաև ողջունել է Հունաստանին նոր F-35 կործանիչներ վաճառելու մասին հաղորդագրությունը՝ Աթենքը անվանելով «ՆԱՏՕ-ի հուսալի դաշնակից» և ասելով, որ վաճառքը «ամրապնդում է մեր երկու երկրների կարողությունը պաշտպանելու ընդհանուր սկզբունքները, ներառյալ մեր հավաքական պաշտպանությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը»:
ԱՄՆ Կոնգրեսը հազիվ թե հավանություն տա Թուրքիային կործանիչների վաճառքին, քանի դեռ Անկարան հրաժարվում է վավերացնել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, գրում է գործակալությունը: