Եվրախորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան Հայաստանի դեմ։ Այս մասին ասված է 2022 թվականին Միության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման մասին ամենամյա զեկույցում, որն ընդունվել է խորհրդարանի կողմից հունվարի 18-ին։
Փաստաթղթում Եվրախորհրդարանը ողջունել է Հարավային Կովկասի երկրների հետ ԵՄ փոխգործակցության ընդլայնումը, մասնավորապես, Միության դիտորդական առաքելության արագ տեղակայումը Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով, ինչպես նաև ընդգծել է «տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության նվազեցման կարևորությունը ԵՄ ներկայության ընդլայնման հաշվին»: Խորհրդարանը նաև կոչ է արել ավելացնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայված փորձագետների թիվը և ավելացնել առաքելության ներուժը, ինչպես նաև կոչ է արել «ուժեղացնել ներկայությունը տարածաշրջանում»:
«Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է 2022 թվականի սեպտեմբերի 12-ին Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիան, որը հրադադարի ռեժիմի խախտում է և լուրջ հետևանքներ ունի խաղաղ գործընթացի համար, մտահոգված է հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ենթադրյալ ռազմական հանցագործություններով և անմարդկային վերաբերմունքով, կրկին հայտարարում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է լիովին հարգվի և ընդգծում է ԵՄ պատրաստակամությունը առավել ակտիվ մասնակցելու տարածաշրջանում երկարատև հակամարտությունների կարգավորմանը», – ասված է փաստաթղթում:
Եվրախորհրդարանը նաև կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից և ազատ արձակել ռազմագերիներին, ինչպես նաև նշել է, որ «միայն դիվանագիտական միջոցները կհանգեցնեն հակամարտության արդար և երկարատև կարգավորմանը, որը օգուտ կբերի Հայաստանի և Ադրբեջանի բնակչությանը»:
ԵԽ-ն համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն չի կարող ձեռք բերվել ռազմական միջոցներով, դրա համար անհրաժեշտ է համապարփակ քաղաքական կարգավորում միջազգային իրավունքին համապատասխան, ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությամբ, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտով ամրագրված սկզբունքները, ինչպես նաև 2009 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ընդունված տարածքային ամբողջականության, ինքնորոշման և ուժի չկիրառման հիմնական սկզբունքները:
Խորհրդարանն աջակցել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի նախաձեռնությանը՝ Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկկողմ հանդիպումների ժամանակ գումարելու և միջնորդելու և Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի աշխատանքին: Փաստաթղթում կարծիք է հայտնել, որ ԵՄ-ն կարող է «ազնիվ միջնորդի» դեր խաղալ հետագա էսկալացիան կանխելու և կայուն խաղաղության հասնելու համար:
Եվրախորհրդարանը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին լիարժեք մասնակցել համապարփակ խաղաղության պայմանագրի մշակմանը։ «Եվրախորհրդարանը կրկին հայտարարում է, որ նման պայմանագիրը պետք է վերաբերվի հակամարտության բոլոր արմատական պատճառներին, ներառյալ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայ բնակչության իրավունքներին և անվտանգությանը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո տեղահանված անձանց և փախստականների վերադարձին իրենց տներ, միջկրոնական երկխոսություն, մշակութային, կրոնական և պատմական ժառանգության և տարածքային ամբողջականության պաշտպանություն և պահպանում», – ասվում է բանաձևում:
Փաստաթղթում կոչ է արվում Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ամբողջական կատարմանը, ընդգծվում է ԵՄ-ի և Ադրբեջանի միջև համանման համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը: «Եվրախորհրդարանը պնդում է, որ Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների ցանկացած խորացում պետք է առաջվա պես կախված լինի Մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության և հիմնարար ազատությունների պահպանման հարցում երկրի էական առաջընթացից», – ասված է փաստաթղթում: