Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը հանդիպել է անվասայլակով ռեգբիի խաղացողներին և խոստացել խաղալ նրանց հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Քեյթ Միդլթոնը ընդունելություն է կազմակերպել անվասայլակով ռեգբիի Անգլիայի հավաքականի անդամների համար՝ Լոնդոնի Հեմփթոն Քորթ պալատում: Ուելսի արքայադուստրը մարզիկների հետ քննարկել է վերջին մրցաշարում ֆրանսիացիների նկատմամբ տարած հաղթանակը և խոստովանել, որ ինքը և իր ընտանիքը հեռուստացույցով դիտել են եզրափակիչ խաղի առցանց հեռարձակումը։
Զրույցի ընթացքում Քեյթ Միդլթոնը նշել է, որ իր և արքայազն Ուիլյամի կրտսեր որդին՝ 4-ամյա Լուին, «խելագարվում» է ռեգբիի համար։ «Մենք միշտ մի փոքր մրցում ենք միմյանց հետ։ Նրանք բոլորն էլ սիրում են սպորտը, իսկ Լուին խենթանում է ռեգբիի համար։ Երեխաներն այն տարիքում են, որ պարզապես սիրում են վազել»,- կիսվել է նա:
Ուելսի արքայադուստրը նշել է, որ երեխաների հետ սպորտով է զբաղվում և նույնիսկ դպրոցի դիմաց նրանց հետ թռչկոտում է բատուտի վրա։ Լսելով այս մասին՝ մարզիկները նրան հրավիրել են խաղալ իրենց հետ։ «Ես կցանկանայի գալ և խաղալ: Հիմա ես արդարացում չունեմ։ Մենք պետք է ընտանեկան մարզումներ անենք»,- խոստացել է Քեյթը։
Նախորդ տարվա փետրվարին Բուքինգհեմյան պալատը հայտարարել է Քեյթ Միդլթոնին որպես ռեգբիի ֆուտբոլային լիգայի և Անգլիայի ռեգբիի միության նոր հովանավոր: Նրանից առաջ այս պաշտոնն զբաղեցնում էր արքայազն Հարրին։