Եկատերինբուրգում Արցախի աջակցության ակցիա կազմակերպելուց հետո գործ են հարուցել տեղի հայ համայնքի ղեկավար Մասիս Նազարյանի դեմ։
Ինչպես հաղորդել է «Вечерние ведомости» Telegram-ալիքը, Մասիս Նազարյանի դեմ գործը Եկատերինբուրգի Լենինյան շրջանային դատարան է ուղարկվել այսօր: Ոստիկանությունը նրան մեղադրում է առանց ծանուցման հանրային միջոցառում կազմակերպելու մեջ (Վարչական իրավախախտումների օրենսգրքի 20.2-րդ հոդվածի 2-րդ մաս): Նիստի օրը դեռ նշանակված չէ։
Նազարյանից բացի, նույն վարչական հոդվածով գործ է հարուցվել նաև Էլեն Կիրակոսյանի նկատմամբ, նրան նաև մեղադրում են չարտոնված հանրահավաք կազմակերպելու մեջ: Նշվում է, որ ակցիայի տեսագրության մեջ, որը տեղադրվել է սոցցանցերում, երևում է, թե ինչպես են Նազարյանն ու Կիրակոսյանը կանգնած «Անի-Արմենիայի» դրոշի և «Արցախ, քեզ հետ ենք» ցուցապաստառի մոտ։
Ալիքը նշում է, որ Մասիս Նազարյանը 2003 թվականի հունվարից Սվերդլովսկի մարզի «Անի-Հայաստան« հայկական համայնք» հասարակական կազմակերպության վարչության նախագահն է:
Ավելի վաղ՝ հունվարի 23-ին, Եկատերինբուրգի Սուրբ Կարապետ եկեղեցու մոտ Արցախի աջակցության ակցիա էր տեղի ունեցել։ Ակցիայի տեսագրության համաձայն՝ մասնակիցները ձեռքներին պահել են Հայաստանի և Արցախի դրոշները, ինչպես նաև բացել են «Արցախ, քեզ հետ ենք» ցուցապաստառը։