Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն կմեծացնեն Իրանին հակազդելու համատեղ ջանքերը, որպեսզի Թեհրանին թույլ չտան միջուկային զենք ձեռք բերել: Այս մասին վարչապետը հայտարարել է Երուսաղեմում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո, փոխանցում է ТАСС-ը։
«Ես կարծում եմ, որ ընդհանուր կոնսենսուս է ստեղծվել, որ այդ (իրանական) ռեժիմը չպետք է միջուկային զենք ստանա։ Մենք հիանալի զրույց ունեցանք միասնական քաղաքականության մշակման և վտանգի կանխարգելման ուղղությամբ համատեղ աշխատելու փորձերի շուրջ։ Կրկնեմ՝ մեր քաղաքականությունն է, իմ քաղաքականությունն է անել ամեն ինչ, ինչ ի զորու է Իսրայելին, որպեսզի Իրանին թույլ չտա ստանալ միջուկային զենք և դրա առաքման միջոցներ», – մեջբերում է Նեթանյահուի խոսքը գործակալությունը։
Նա նաև հույս է հայտնել, որ մոտալուտ ապագայում բեկում կլինի արաբների հետ Իսրայելի հարաբերությունների կարգավորման հարցում: Նրա խոսքով՝ արաբական երկրների հետ Իսրայելի հաշտեցումը կօգնի լուծել Պաղեստինի խնդիրը։ Իսրայելի վարչապետը խոսել է Իսրայելի և արաբական երկրների միջև «խաղաղության շրջանակի ընդլայնման» նախանշված հեռանկարների մասին, նրա խոսքով՝ այդ թեման նրանք քննարկել են Բլինքենի հետ հանդիպման ժամանակ։
Գործակալությունը նշում է, որ Բլինքենը հունվարի 29-31-ը կատարում է մերձավորարևելյան շրջագայություն, որը նա սկսել է Եգիպտոս այցից: Իսրայելից հետո ԱՄՆ պետքարտուղարը նախատեսում է նաև այցելել Հորդանան գետի արևմտյան ափ և այնտեղ հանդիպել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ:
ԱՄՆ պետքարտուղարի այցն Իսրայել տեղի է ունենում արևմտյան և մերձավորարևելյան ԶԼՄ-ների այն հաղորդագրությունների ֆոնին, թե ԱՄՆ-ն և Իսրայելը ներգրավված են Իրանի պաշտպանական ձեռնարկության վրա անօդաչու թռչող սարքերի հարվածին: