Իսրայելի ոստիկանությունը Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրղան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ քննարկել է ՀԱԵ պատրիարքարանի և հայերի վրա հարձակումները, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատրիարքարանի մամլո դիվանի պատասխանատու Աղան սարկավագ Գոգչեանը։
«Հուվարի 30-ին, Երուսաղեմի հայոց պատրիարքարան այցելեց Հին Քաղաքի ոստիկանության Քրիստոնյաների բաժնի պատասխանատու սպա Ալա Հարբը, որին ընկերակցում էր Շուբաշ Զահեռը և հանդիպում ունեցավ Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ»,- ասված է հայտարարությունում:
Նա ընդգծել է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղելվերջին օրերին պատահած դեպքերին և դրանց կանխարգելման համար ոստիկանության ձեռնարկած քայլերին:
Ավելի վաղ Գոգչեանը հայտնել էր, որ Երուսաղեմում հրեա արմատականները հարձակվել են հայերի վրա և փորձել պոկել ՀԱԵ Երուսաղեմի պատրիարքարանի շենքի դրոշները։ «Երկու հրեա արմատականներ փորձել են խոչընդոտել երթևեկությունը հայկական եկեղեցու մոտ, այնուհետև հարվածել են աշխատանքից վերադարձող հայերի մեքենային»,- ասել էր նա։
Հունվարի 27-ին հրեա ծայրահեղականները սադրել էին Երուսաղեմի Taboon Wine Bar հայկական ռեստորանի աշխատակիցներին ու այցելուներին։ «Հրեա ծայրահեղականները փորձել էին հասնել «Լացի պատի» մոտ, նրանց չի հաջողվել անցնել գլխավոր ճանապարհով, իսկ հետո նրանք անցել են այն ճանապարհով, որտեղ գտնվում է հայկական ռեստորանը։ Այդ պահին ռեստորանում նստած էին հայեր, արաբներ և հրեաներ։ Ծայրահեղականները սադրիչ խոսքեր էին ասել ռեստորանի աշխատակիցների հասցեին, բղավել «մահ քրիստոնյաներին», «մահ արաբներին»։ Սկսվել էր ծեծկռտուք, աթոռներ էին նետել միմյանց վրա»,- պատմել էր Գոգչեանը։
Հունվարի 30-ին Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը, մեկնաբանելով այս իրադարձությունները, հայտարարել էր, որ Հայաստանը մտահոգված է «Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատությունների, այդ թվում՝ Հայոց պատրիարքարանի և Հին քաղաքի հայ բնակիչների դեմ ուղղված բռնության և վանդալիզմի ակտերով»։