ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կովկասում բանակցությունների գծով նոր ավագ խորհրդական է նշանակել Լուիս Բոնոյին։ Այս մասին ասվում է Պետքարտուղարության կայքում հրապարակված Բլինքենի հայտարարության մեջ։
«Այդ կարգավիճակում Պարոն Բոնոն կաշխատի տարածաշրջանային առաջնորդների հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջմղման և Ռուսաստանի կողմից Վրաստանի ինքնիշխան տարածքի շարունակվող օկուպացիայի խնդրի լուծման ուղղությամբ», – հայտարարել է Բլինկենը:
Նա նշել է, որ Բոնոն նախկինում զբաղեցրել է ՄԱԳԱՏԷ-ում ԱՄՆ ներկայացուցչի, Սուրբ Աթոռում գործերի ժամանակավոր հավատարմատարի, պետքարտուղարի տեղակալի խորհրդականի և տնտեսական հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնները և այլն:
«Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանին և Ադրբեջանին օգնություն ցուցաբերել համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքման հարցում, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորումը: մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղ կարգավորման հասնելու համար»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը: Բոնոն երկկողմ հիմունքներով համագործակցելու է համախոհ գործընկերների, այդ թվում՝ Եվրոպական միության, և միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին է ԵԱՀԿ-ն, Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը նպաստելու համար», – մասնավորապես հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։
Հունվարի 5-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտնել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիկերը լքել է Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ Պետքարտուղարության ավագ խորհրդականի պաշտոնը: