Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից իր երկրին F-16 կործանիչներ վաճառելու հնարավոր մերժումը կխրախուսի Անկարային դիտարկել այլընտրանքային տարբերակներ։
«Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ում կգերակշռի ողջամտությունը, և նրանք որոշումը կկայացնեն խնդրի համակողմանի գնահատման հիման վրա։ Թուրքիայի խորհրդարանի մեր գործընկերները բանակցություններ են վարում ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների հետ։ Մեր կարգախոսն է՝ «ուժեղ Թուրքիա, ուժեղ բանակ, ուժեղ ՆԱՏՕ դաշինք»։ Մենք նաև ասում ենք, որ F-16 – ները մեզ համար միակ տարբերակը չեն», – ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է նախարարը Milliyet թերթին կիրակի օրը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին ուղղված մի խումբ ամերիկացի սենատորների պահանջը՝ հետաձգել Թուրքիային կործանիչների վաճառքը մինչև Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի հաստատումը։
Թուրքիան ձգտում է ստանալ 40 F-16 Block 70 կործանիչներ և 80 block 70 կոմպլեկտներ՝ իր ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ գտնվող ինքնաթիռների արդիականացման համար։ F-16-ը ձեռք բերելու ցանկության մասին Անկարան հայտարարել է F-35 հինգերորդ սերնդի կործանիչ-ռմբակոծիչների արտադրության ամերիկյան ծրագրից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ կապված նրա հեռացումից հետո: