Թեհրանն ու Պեկինը քննարկել են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը: Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Թեհրանը Պեկինին համարում է վստահելի առևտրային գործընկեր: Ինչպես հայտնում է IRNA-ն, այս մասին նա ասել է Պեկինում Չինաստանի խոշոր ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
«Թեհրանը Պեկինին համարում է հուսալի առևտրային գործընկեր և կարծում է, որ երկու երկրների միջև համագործակցության ներուժը կարող է օգտագործվել Իրանի զարգացման համար»,-ասել է Ռայիսին:
Նշվում է, որ քննարվել են Իրանի հետ առևտրի զարգացման ուղիները, ինչպես նաև երկրում խոշոր նախագծերի ներդրումներն ու առաջխաղացումը:
Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը Չինաստանի տրանսպորտի նախարար Լի Սյաոպենի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել համատեղ միջոցառումներ անցկացնել «Մետաքսի ճանապարհի» հարավային մասի՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության շրջանակներում, որը Չինաստանն Իրանի միջոցով միացնում է Եվրոպային:
Հաշվի առնելով Արևմտյան Ասիայի տարածաշրջանում Իրանի տարանցման հսկայական հնարավորությունները՝ իրանցի նախարարն առաջարկել է տրանսպորտային համագործակցության ակտիվացման ոլորտում ստեղծել համատեղ աշխատանքային խումբ և շեշտը դնել Արևելք-Արևմուտք երթուղով տարանցիկ բեռների փոխադրման վրա: Նա կարևորել է Չինաստանի հետ միանալու համար Իրանի և Աֆղանստանի միջև երկաթուղային և ավտոմոբիլային գծերի զարգացման հնարավորությունը:
Իրանի նախագահը փետրվարի 14-ից պաշտոնական այցով գտնվում է Չինաստանում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այցի շրջանակներում Թեհրանն ու Պեկինը համագործակցության 20 համաձայնագիր են ստորագրել: