Թուրքիայի Հաթայ նահանգում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ РИА нововсти-ի փոխանցմամբ՝ հայտնել են տեղի սեյսմոլոգները։
Տարերային աղետների հետևանքների վերացման վարչության տվյալներով՝ օջախը գտնվել է ծովում՝ 9 կմ խորության վրա, ափից 5 կմ հեռավորության վրա:
Ինչպես հաղորդում է լրատվականի թղթակիցը, նահանգի բնակիչները զգացել են ցնցումները, փլուզվել են մի քանի շենքեր, որոնք վնասվել են փետրվարի սկզբին տեղի ունեցած երկրաշարժերից հետո:
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38 000-ի:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում և Սիրիայի հյուսիսում: Հաջորդ օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7 բալ ուժգնությամբ նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 7-ին հաղորդել է երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Սիրիա և Թուրքիա փրկարարական ջոկատներ ուղարկելու մասին: