Հունաստանում բախվել են մարդատար և բեռնատար գնացքները։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ կա 32 զոհ, 85 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։
Երկաթուղային վթարը տեղի է ունեցել Աթենքից 380 կիլոմետր դեպի հյուսիս՝ Թեսալիայի և Մակեդոնիայի շրջանների սահմանի մոտ։ Ուղևորատար և բեռնատար գնացքները բախվել են մեծ արագությամբ հանդիպակաց ճանապարհին։ Ականատեսները պատմել են, որ հարվածից մի քանի ուղևորներ դուրս են նետվել պատուհաններից։
Թեսալիայի նահանգապետ Կոստաս Ագորաստոսի խոսքով՝ մարդատար գնացքի առաջին երկու վագոններն ամբողջությամբ ավերվել են, երրորդը դուրս է եկել ռելսերից։ Վագոններում այնուհետև հրդեհ է բռնկվել։
Նշվում է, որ մարդատար գնացքում եղել է առնվազն 350 մարդ։ Դեպքի վայրում են Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլուն, վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և տրանսպորտի նախարար Կոստաս Կարամանլիսը։
Թե ինչն է եղել վթարի պատճառը, դեռ չի հաղորդվում։ Տեղում աշխատում են փրկարարները։