Իրանի և Սաուդյան Արաբիայի իշխանությունները պայմանավորվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման մասին, նախատեսում են երկու ամսվա ընթացքում դեսպանություններ բացել: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է Tasnim գործակալությունը։
Գործակալության տեղեկություններով՝ մի քանի օր շարունակ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին և նրա սաուդցի գործընկերը բանակցություններ են վարել Պեկինում: Արդյունքում ընդունվել է եռակողմ հայտարարություն։ Թեհրանն ու Էր Ռիադը պայմանավորվել են վերսկսել դիվանագիտական հարաբերությունները և վերաբացել դեսպանատները առավելագույնը երկու ամսվա ընթացքում։
«Բանակցությունների արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետությունը և Սաուդյան Արաբիայի Թագավորությունը որոշում են կայացրել վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, երկու ամսվա ընթացքում բացել դեսպանատներ և ներկայացուցչական մարմիններ», – մեջբերում է գործակալությունը հայտարարության տեքստը:
Ինչպես նշվում է փաստաթղթում, հարաբերությունների կարգավորման վերաբերյալ վերջնական պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՉԺՀ Նախագահ Սի Ցզինպինի նախաձեռնությամբ, ինչպես նաև Օմանի և Իրաքի միջնորդությամբ, որը 2021 թվականի ապրիլին բանակցային հարթակ է դարձել Թեհրանի և Էր Ռիադի համար:
«Երկու երկրները հավատարիմ են ինքնիշխանության և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին, ինչպես նաև ձգտում են իրականացնել 2001 թվականի ապրիլի 17 – ին ստորագրված անվտանգության պայմանագիրը և 1998 թվականի մայիսի 27-ին ստորագրված Առևտրի, տնտեսության, մշակույթի, գիտության և տեխնիկայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը», – նշված է հայտարարության մեջ: