Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարայի կողմից F-16 կործանիչներ գնելու շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունները դրական ընթացքով են շարունակվում։
«Պենտագոնի հետ բանակցությունները շարունակվում են դրական ուղղությամբ։ Մենք գիտենք նաև Սպիտակ տան աջակցության մասին։ Անկարայում ակնկալում են, որ Կոնգրեսը խելամիտ որոշում կկայացնի»,-Աքարի խոսքերն է մեջբերել «Անադոլուի» գործակալությունը։
Նա նաև նշել է, որ «Թուրքիան անելանելի վիճակում չէ, այլընտրանքներ ունի»։
Ինչպես հաղորդում է TASS-ը, Աքարը նաև հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ-ից կառուցողական մոտեցում է ակնկալում Անկարային F-35 կործանիչի նախագծում ներդրված միջոցների վերադարձի, ինչպես նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերի համար նախատեսված հինգ ինքնաթիռների փոխանցման հարցում:
«F-35-ի թեմայով ԱՄՆ-ի հետ որոշակի շփումներն ու քննարկումները շարունակվում են։ Քննարկվում են տեխնիկական և ֆինանսական հարցեր։ Մեզ ծրագրին վերադարձնելն առանձին թեմա է։ Մենք քննարկում ենք նախագծում մեր ներդրած գումարի վերադարձի կամ փոխհատուցման հարցը, իսկ դա մեծ գումար է՝ մոտ 1,4 մլրդ դոլար»,-ասել է նախարարը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր է Կոնգրեսից պահանջել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի հավանությունը։