Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է հիմնված լինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա: Այս մասին նա հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո, հայտնում է կանցլերի կայքը:
«Կանցլերն ընդգծել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է հիմնված լինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա: Դա ներառում է Ղարաբաղում մարդկանց իրավունքների և անվտանգության հարգումը։ Կարևոր է ապահովել մարդու իրավունքների և երկու պետությունների բոլոր բնակիչների փոքրամասնությունների իրավունքների պահպանումը՝ միջազգային չափանիշներին և ստանձնած պարտավորություններին համապատասխան», – ասվում է հաղորդագրության մեջ:
Շոլցը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը գնալով ավելի կրիտիկական է դառնում: «Ուստի մեր ընդհանուր նպատակը պետք է լինի այն, որ արագ գտնենք այս հակամարտության կայուն և կենսունակ լուծումը՝ ի շահ տեղի բնակչության», — ասել է կանցլերը:
Նրա խոսքով՝ Գերմանիան նույնպես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող անկայուն իրավիճակով: «Իրավիճակն անկայուն է երկարաժամկետ հեռանկարում և իր մեջ պարունակում է հետագա էսկալացիայի վտանգ: Վերջին մի քանի շաբաթների և ամիսների իրադարձությունները կրկին ու կրկին ցույց են տվել դա», – հաղորդագրության մեջ մեջբերվում է Շոլցի խոսքը:
Նշվում է, որ Օլաֆ Շոլցը հայտարարել է Գերմանիայի և ԵՄ-ի համար Ադրբեջանի հետ գործընկերության աճող կարևորության մասին: Կանցլերի խոսքով՝ Ադրբեջանը կարող է կարևոր ներդրում ունենալ Գերմանիայի և Եվրոպայի էներգամատակարարման դիվերսիֆիկացման գործում:
Մարտի սկզբին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Շոլցը հայտարարել էր խաղաղ կարգավորման հասնելու անհրաժեշտության մասին «Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից»: