Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը հայտնել է երկրի խորհրդարանի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտի վավերացման գործընթացի մասին:
«Մենք որոշում ենք կայացրել խորհրդարանում սկսել ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտի վավերացման գործընթացը»,- հայտարարել է Էրդողանը ֆինն գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է РИА новости-ն։
«Մենք Հելսինկիի կողմից անկեղծ և վճռական քայլեր ենք տեսել դաշինքին անդամակցելու համար մեր առջև ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ», – նշել է Թուրքիայի ղեկավարը:
Նրա խոսքով՝ Անկարան բարձր է գնահատում Հելսինկիի աջակցությունը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը։
Թուրքիայում է գտնվում Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն։ Ֆինլանդիայի ղեկավարի այցը սկսվել է հինգշաբթի՝ Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժերի շրջան այցելությամբ։
Ֆինլանդիան 2022 թվականի մայիսի 17 – ին Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հայտ է ներկայացրել, նրա վավերացումը մինչ այժմ չեն իրականացրել 30 երկրներից միայն երկուսը՝ Թուրքիան և Հունգարիան։