Իլոն Մասկը Twitter-ը գնելուց հինգ ամիս անց հետևորդների թվով գերազանցել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային, որը 2020 թվականից ի վեր սոցիալական ցանցի ամենահայտնի «բլոգերն էր»։ Այս մասին հայտնում է Գինեսի ռեկորդների գրքի կայքը։
Այժմ Մասկն ունի 133 միլիոն 86 հազար բաժանորդ, իսկ Օբաման՝ 133 միլիոն 42 հազար։ Ընդհանուր առմամբ, ամեն ամիս Twitter-ից օգտվում է մոտ 450 միլիոն մարդ։
Մասկը Twitter-ը գնել է 2022 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ ուներ 110 միլիոն հետևորդ։ Մինչ այս նա հարթակի երրորդ ամենահայտնի օգտատերն էր՝ Օբամայից և Ջասթին Բիբերից հետո։
Սոցցանցը գնելուց հետո Մասկի հետևորդների քանակն ավելացել է շուրջ 23 միլիոնով այն դեպքում, երբ Բիբերն ու Օբաման կորցրել են բաժանորդներ։ Վերջին 30 օրվա ընթացքում գրեթե 119,000 մարդ դուրս է եկել Բիբերի բաժանորդագրությունից (նա այժմ ունի 113,3 միլիոն բաժանորդ), իսկ 267,000-ը՝ Օբամայի էջից:
Իլոն Մասկը 2023 թվականին երկրորդ անգամ է հայտնվում Գինեսի ռեկորդների գրքում։ Հունվարի սկզբին նա ճանաչվել է ամենամեծ կարողությունը կորցրած մարդ։ 2021 թվականի նոյեմբերից նրա կարողությունը նվազել է մոտ 182 միլիարդ դոլարով: Դրա պատճառով 2022 թվականի դեկտեմբերին Մասկը դադարել է լինել աշխարհի ամենահարուստ մարդը՝ զիջելով առաջին տեղը LVMH-ի նախագահ Բեռնար Առնոյին։