Ամերիկացի ռեփեր Ֆլո Ռիդայի (Տրեմար Դիլարդ) վեցամյա որդին՝ Զոհարը, ծանր վնասվածքներով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ Նյու Ջերսիում գտնվող հինգերորդ հարկի բնակարանի պատուհանից ընկնելուց հետո, հայտնում է Page Six-ը։
Երեխան հոսպիտալացվել է կոնքի և ձախ ոտքի կոտրվածքներով, լյարդի պատռվածքով, թոքերի անբավարարությամբ և ներքին արյունահոսությամբ։ Ըստ հրապարակման՝ երեխայի մայրը՝ Ալեքսա Ադամսը, դատարան հայց է ներկայացրել և պնդում է, որ շենքում տեղադրված պատուհանների պաշտպանությունը «սխալ չափերի» է եղել, ինչը «վտանգ է ստեղծել» և ազդել է այն հանգամանքի վրա, որ նրա որդին, ով ծնվել է նյարդաբանական հազվագյուտ խանգարումով, ընկել է «բետոնե մայթի վրա»։
Հայցում պատասխանողների թվում են բազմաբնակարան շենքի սեփականատերերն ու կառավարիչները, շինարարական կազմակերպությունը, պատուհան տեղադրողը և այլք։ «Ինձ համար՝ որպես հատուկ երեխայի մոր, տեղի ունեցածը մղձավանջի է նման: Իմ սիրտը կոտրված է միլիոնավոր կտորների»,- ասել է Ադամսը լրագրողներին:
Նա նաև հավելել է, որ զայրացած է և պայքարում է հաշտվելու այն փաստի հետ, որ իր միակ երեխան ծանր վիրավորվել է տանտիրոջ և մյուսների անփութության պատճառով, ովքեր չեն ձեռնարկել անհրաժեշտ անվտանգության միջոցները: Ալեքսան այժմ պահանջում է վնասների փոխհատուցում, փաստաբանական վճարներ և Զոհարի բժշկական վճարները: