ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կմերժի մայիսին Լոնդոնում Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի թագադրմանը մասնակցելու հրավերը։ Այս մասին տեղեկացնում է The Daily Telegraph-ը։
Նշվում է, որ արարողությանը կարող է մասնակցել ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը։ Աղբյուրի տեղեկություններով՝ ԱՄՆ-ի 80-ամյա նախագահի համար արտասահմանյան ուղեւորությունները շատ հոգնեցուցիչ են, ինչի կապակցությամբ Վաշինգտոնի վարչակազմը փորձում է նվազագույնի հասցնել դրանց թիվը՝ ժամանակացույցում թողնելով միայն ամենաանհրաժեշտ արտասահմանյան այցերը։
Հաշվի առնելով ապրիլի կեսերին Բայդենի նախատեսվող այցը Հյուսիսային Իռլանդիա և Իռլանդիայի Հանրապետություն՝ մեկ ամսվա ընթացքում երկրորդ այցը Բրիտանական կղզիներ համարվում է անհավանական, հայտնում է պարբերականը։
ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քերոն Փիրսը և Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչները Սպիտակ տան հետ «սրտանց և դիվանագիտական» բանակցություններ են վարում թագադրման ժամանակ ամերիկյան պատվիրակության կազմի վերաբերյալ։
Հայտնի է, որ ապրիլի 11-ին Բայդենը կժամանի Բելֆաստ՝ մասնակցելու Բելֆաստի համաձայնագրի ստորագրման 25-ամյակի միջոցառումներին։ Պարբերականը նշել է, որ հենց Օլսթերում ԱՄՆ նախագահը կարող է հանդիպել Չարլզ III-ի հետ։