ԱՄՆ պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրությունից հեռացրել է Defender 23 բազմազգ զորավարժություններին Հայաստանի մասնակցության մասին տեղեկատվությունը:
Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչ Սաբրինա Սինգհը հայտնել էր, որ ապրիլի 22-ին Եվրոպայում կմեկնարկեն Defender 23 զորավարժությունները, որոնց կմասնակցեն զինվորականներ 26 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից: Զորավարժությունները կանցկացվեն Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ԶՈՒ հրամանատարության ղեկավարությամբ։
Հայաստանը ներկայումս ԱՄՆ պաշտպանական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշված զորավարժությունների մասնակից երկրների ցանկում չէ: «Բացի ԱՄՆ – ից, Defender 23-ին կմասնակցեն զորքեր Ալբանիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Դանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Գերմանիայից, Հունաստանից, Հունգարիայից, Իտալիայից, Կոսովոյից, Մոլդովայից, Չեռնոգորիայից, Նիդեռլանդներից, Հյուսիսային Մակեդոնիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Սլովենիայից, Իսպանիայից, Շվեդիայից և Մեծ Բրիտանիայից», – ասվում է հաղորդագրության մեջ:
Նյութը գրելու պահին Armenia Today – ին չհաջողվեց կապ հաստատել ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ զորավարժություններին հայկական կողմի մասնակցության մասին տեղեկությունը ճշտելու համար: