ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երգչուհի և դերասանուհի Լեդի Գագային նշանակել է Սպիտակ տան արվեստի և մշակույթի կոմիտեի համանախագահ։ Այս մասին հայտնում է ամերիկյան վարչակազմը։
Սպիտակ տունը հիշեցրել է, որ Գագան, որը 13 «Գրեմմի» մրցանակի է արժանացել, պատմության մեջ ամենահաջողակ կին երաժիշտներից մեկն է։ Նա ընդգրկվել է նաև աշխարհի ամենահզոր կանանց ցուցակում՝ ըստ Forbes-ի և աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում՝ ըստ Time-ի, նշել է վարչակազմը։
Մեկ այլ համանախագահ է նշանակվել պրոդյուսեր Բրյուս Քոհենը։ Կոմիտեի անդամներից են Ջորջ Քլունին, Ջենիֆեր Գարները, Շոնդա Ռայմսը և Ջոն Բապտիստը, ի թիվս այլոց:
Մշակույթի և արվեստի կոմիտեն ստեղծվել է 1982թ։ Նրա խնդիրն է խորհրդատվություն տալ նախագահին մշակութային քաղաքականության հարցերում։ Կոմիտեի անդամները նշանակվում են անձամբ Միացյալ Նահանգների ղեկավարի կողմից։