73-ամյա երգիչ Լայոնել Ռիչին հայտարարել է, որ «անակնկալ» և «մեծ պատիվ» է Չարլզ III-ի թագադրման արարողության ժամանակ կատարողներից մեկը ընտրվելը: Այս մասին գրում է People-ը։
Լոս Անջելեսի ակադեմիայի կինոթանգարանում կայացած Breakthrough Awards մրցանակաբաշխության ժամանակ Ռիչին նշել է, որ թագադրման արարողությանը հանդես կգան նաև Քեթի Փերին, Անդրեա Բոչելին և Take That-ը:
«Անակնկալ և մեծ պատիվ է, որ բոլոր անուններից, որոնք Չարլզը կարող էր ընտրել ելույթ ունենալու համար, նա տվեց իմ անունը»,- ասել է Ռիչին։
Երգիչը հավելել է, որ անհամբերությամբ է սպասում գալիք շքեղ թագադրմանը։ «Սա մեծագույններից է»,- նշել է նա:
Սըր Բրին Տերֆելը, Ֆրեյա Ռայդինգսը և Ալեքսիս Ֆրենչը նույնպես ելույթ կունենան մայիսի 7-ին կայանալիք թագադրման համերգի ժամանակ: Սպասվում է, որ մոտ 20 000 հանդիսատես ներկա կգտնվի թագադրման համերգին, որը հեռարձակվելու է BBC1-ով և Radio 2-ով: