Ֆրանսիան դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրումը, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնաս է հասցնում բանակցային գործընթացին, հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու վերաբերյալ հասցեական հայտարարությունում։
«Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ կյանքի կոչել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ պահանջվող միջանկյալ միջոցները, որոնք պարտադիր իրական ուժ ունեն»․- նշում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
Բացի այդ, Ֆրանսիան պահանջում է վերականգնել բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով՝ երկու ուղղություններով, ինչպես նաև վերականգնել բնակչությանը գազի և էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումները:
Ապրիլի 23-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում: Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարել էր Լաչինի միջանցքի մուտքի մոտ անցակետ տեղադրելու մասին։