Ռուսաստանի դիրքորոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ եռակողմ հայտարարությանբ ամրագրվելուց հետո երբեք չի փոխվել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
«Դուք գիտեք մեր դիրքորոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ, այն բխում է եռակողմ հայտարարությունից։ Մենք երբեք չենք փոխել մեր դիրքորոշումն այս հարցում։ Եվ գիտեք, որ թե՛ մեր հայ ընկերների, թե՛ Ադրբեջանի հետ քննարկումներում մենք միշտ հավատարիմ ենք եղել և հիմա էլ հավատարիմ ենք այս դիրքորոշմանը։ Ամեն ինչ պետք է համապատասխանի եռակողմ հայտարարության ոգուն ու տառին։ Մեր դիրքորոշումն այստեղ չի փոխվել»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
Նա նաև ընդգծել է ռուսական կողմի դիրքորոշման անփոխարնելիության մասին տրանսպորտային ուղիների, հաղորդակցությունների՝ և՛ երկաթուղիների, և՛ ճանապարհների հնարավոր կառուցման ապաշրջափակման հարցում՝ նշելով, որ ռուսական կողմն այդ մասին ասել է ադրբեջանական պատվիրակության հետ երկկողմ շփման ժամանակ։
«Բայց պետք է ասել, որ ադրբեջանական կողմը նույնպես հաստատում է, որ Ադրբեջանն այս հարցում փոփոխություններ չունի, նրանք առանց որևէ նախապայմանի ճանաչում են Հայաստանի ինքնիշխանությունն այս տարածքում, և հնարավոր ապաշրջափակման հետ կապված երկակի, եռակի մեկնաբանությունը ոչ մի հիմք չունի»,- ասել է Պուտինը։
Հանդիպման ընթացքում Պուտինը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Ադրբեջանի նախագահի ներկայությանը համաձայնելու համար։
«Կարծում եմ, որ ամեն դեպքում, տարածաշրջանային տնտեսական կապերի զարգացման տեսանկյունից դա օգտակար է, լրացուցիչ հարթակ և երկխոսության հնարավորություն է ստեղծում այն ոլորտներում, որոնք կասկածի տակ չեն»,- ասել է նախագահը։
Պուտինը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը վստահ դրական միտում է ցույց տալիս։
«Անցյալ տարի այն աճել է ավելի քան 83 տոկոսով և հասել 5 միլիարդ դոլարի։ Այս տարվա հունվար-մարտին ավելացրել է ևս 1,5 մլրդ: Եթե այս գործընթացը զարգանա նման տեմպերով, ապա մենք, իհարկե, ակնհայտորեն կգերազանցենք նախորդ տարվա ռեկորդը»,- ասել է նա։
Քննարկման ավարտին Պուտինը հայտարարել է՝ Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը «Ղարաբաղի կարգավորման հետ կապված զգայուն հարցեր են քննարկել»։
«Մենք դեռ հնարավորություն կունենանք եռակողմ ձևաչափով խոսել տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի շուրջ։ Հարցերը շատ կարևոր են և զգայուն։ Համոզված եմ, որ եթե ի վերջո, չնայած բոլոր դժվարություններին, հասնենք այդ հարցերի լուծմանը, ապա դա, անկասկած, օգուտ կբերի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և ոչ միայն երկու երկրներին, այլև ողջ տարածաշրջանին, քանի որ շատ պետություններ շահագրգռված են. սա կնպաստի հարաբերությունների կարգավորմանը բոլոր վեկտորներում, այդ թվում՝ քաղաքական՝ այս տարածքում ապրող մարդկանց անվտանգության ապահովման առումով»,- ասել է նա։