Հնդկաստանի Չհատիսգարխ նահանգում սննդի պետական ծառայության աշխատակից Ռաջեշ Վիշվասը հրամայել է ցամաքեցնել ջրամբարը, որպեսզի գտնի իր «Samsung» սմարթֆոնը, հայտնում է Associated Press-ը։ Պաշտոնյան ջուրն է գցել բջջայինը, երբ ցանկացել է սելֆի անել։
Սկզբում Վիշվասը խնդրել է տեղի ջրասուզակներին սուզվել ջրի տակ և գտնել սմարթֆոնը՝ պնդելով, որ այն պարունակում է պետական գաղտնի տեղեկություններ, սակայն մի քանի ապարդյուն փորձերից հետո հրամայել է դուրս մղել ջուրը դիզելային պոմպերի միջոցով։
Ջրամբարից դուրս է մղվել ավելի քան 2 մլն լիտր ջուր, որի արդյունքում գտնվել և դուրս է բերվել պաշտոնյայի սմարթֆոնը, սակայն այն այլևս հնարավոր չի եղել միացնել։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ ջրի այդ քանակությունը կբավարարեր 1,5 հազար ակր գյուղատնտեսական հողատարածք ոռոգելու համար։
Ըստ Վիշվասի՝ ջրամբարի ջուրը ոռոգման համար ոչ պիտանի է եղել, և ինքը բարձրաստիճան պաշտոնյայից ջուրը հանելու բանավոր թույլտվություն է ստացել։ Վիշվասին քննադատել են ջրային ռեսուրսները վատնելու համար և հեռացրել զբաղեցրած պաշտոնից։