Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության նախագահ Հաքան Ֆիդանը կարող է զբաղեցնել երկրի փոխնախագահի պաշտոնը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Hürriyet թերթը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։
Հրատարակության համաձայն՝ հունիսի 3-ին երդվելուց հետո վերընտրված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհայտարարի կառավարության նոր կազմը։ Նախարարների կաբինետը գրեթե ամբողջությամբ կթարմացվի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Հուլուսի Աքարը կարող են պահպանել իրենց պաշտոնները։
Ֆիդանը, որը գլխավորում է թուրքական հետախուզությունը, կարող է նախարարի պաշտոն ստանալ կամ ստանձնել անվտանգության հարցերով փոխնախագահի պաշտոնը։ Այս հարցը երկար ժամանակ քննարկվել է Անկարայում։
Պարբերականի տվյալներով՝ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը կարող է լինել կառավարության կազմում, սակայն նրա հնարավոր պաշտոնը չի նշվում։ Ավելի վաղ տեղական լրատվամիջոցները գրել էին, որ նա կարող է գլխավորել ԱԳՆ-ն։
Մայիսի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Էրդողանը վերընտրվել է Թուրքիայի նախագահի պաշտոնում։