Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել, ՊԲ ստորաբաժանումները չեն կրակել օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հայտնել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 8-ի ժամը 11։25-ից ժամը 18։40-ն ընկած ժամանակահատվածում սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու, Ասկերանի և Շուշիի, շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ադրբեջանի Պն-ն, հայտարարելով Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի և Շուշիի ուղղությամբ իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին, հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադարի խախտման հնարավոր դեպքերը։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հունիսի 7-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել Խոզնավարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչպես նաև Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ էր բացել Գեղարքունիքի մարզի Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ: