«Մեծ մարտիկը հեռացավ»․ համաշխարհային քաղաքական գործիչները, ֆուտբոլիստներն ու մարզիչներն արձագանքել են Սիլվիո Բեռլուսկոնիի մահվանը, գրում է «Правил жизни» պարբերականը։
Քաղաքական գործիչների արձագանքները․
«Նրա շնորհիվ Իտալիան սովորեց թույլ չտալ, որ իր վրա դրսից սահմանափակումներ մտցնեն։ Ես նրանից սովորեցի երբեք չհանձնվել: Նրա հետ մենք կռվեցինք, հաղթեցինք, բազմաթիվ պարտություններ կրեցինք, և հանուն նրա մենք կիրականացնենք այն նպատակները, որոնք միասին դրել ենք։ Ցտեսություն, Սիլվիո»,- Իտալիայի վարչապետ Ջորջի Մելոնի։
«Հայր, ձեռնարկատեր, Եվրախորհրդարանի պատգամավոր, վարչապետ, սենատոր. Նա հետք է թողել, չի մոռացվի։ Շնորհակալություն, Սիլվիո»,- Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտ Մեցոլը։
«Ռուսաստանում Սիլվիո Բեռլուսկոնիին կհիշեն որպես մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման հետևողական և սկզբունքային կողմնակից։ Նա իսկապես անգնահատելի անձնական ներդրում ունեցավ ռուս-իտալական փոխշահավետ գործընկերության զարգացման գործում։ Ինձ համար Սիլվիոն թանկ մարդ էր, իսկական ընկեր։ Ես միշտ անկեղծորեն հիացել եմ նրա իմաստությամբ, նույնիսկ ամենադժվար իրավիճակներում հավասարակշռված, հեռատես որոշումներ կայացնելու նրա կարողությամբ»,- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին։
«Սիլվիո Բեռլուսկոնիին կհիշեն որպես «բացառիկ խարիզմայի տեր և հայրենասեր մարդ։ Նրա անձնական ներդրման շնորհիվ բելառուսա-իտալական համագործակցությունը մեծ թափ ստացավ։ Նա վառ ու տաղանդավոր անձնավորություն էր, հաջողակ ձեռնարկատեր և հեռատես հեղինակավոր քաղաքական գործիչ, ով կարողացավ ինքնուրույն գնահատել իրավիճակը, արդյունավետ որոշումներ կայացնել և պատասխանատվություն կրել դրանց համար»,- Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո։
«Մի մեծ մարտիկ հեռացավ»,-Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան։
«Սիլվիոն Իսրայելի մեծ բարեկամն էր և այս ամբողջ ընթացքում մեզ հետ է եղել: Հանգչիր խաղաղությամբ իմ ընկեր»,- Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Ես գիտեմ, որ շատերի համար նա հակասական կերպար էր, բայց ինձ համար նա շնորհալի, գործնական և, ամենաշատը, իր խոսքին հավատարիմ առաջնորդ էր», – Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը:
«Նա Իտալիայի առաջին վարչապետն էր, ում հետ ես հնարավորություն ունեցա աշխատելու, և ես նրան կհիշեմ որպես արտասովոր, կրքոտ քաղաքական գործչի», – Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն:
Մարզաշխարհի արձագանքը.
1986-2016 թվականներին Սիլվիո Բեռլուսկոնին պատկանում էր «Միլան» ֆուտբոլային ակումբին։ Այդ ընթացքում թիմը նվաճել է տասնյակ գավաթներ, այդ թվում՝ ութ անգամ Իտալիայի առաջնությունում, հինգ անգամ՝ Չեմպիոնների լիգայում և հինգ անգամ՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունում։
« «Միլանը» խորապես վշտացած է և սգում է անմոռանալի Սիլվիո Բեռլուսկոնիի մահը, ջերմորեն գրկում է նրա ընտանիքին, գործընկերներին և ամենամտերիմ ընկերներին։ Վաղը մենք կերազենք նոր նպատակների մասին, հանդես կգանք նոր առաջադրանքներով, կհասնենք նոր հաղթանակների, որոնք մեզ անհրաժեշտ են իրականացնելու այն ամենը, ինչ լավն է, ուժեղն ու իրականը, որը կա բոլորիս մեջ, ովքեր մեր կյանքը կապել են «Միլան» կոչվող երազանքի հետ։ Շնորհակալություն նախագահ, դու միշտ մեզ հետ ես»,- «Միլան» ֆուտբոլային ակումբ։
«Այն տխրությունը, որը մենք ապրում ենք այսօր, չի վերացնում բոլոր ուրախ իրադարձությունները, որոնք մենք միասին ապրեցինք: Ես շատ շնորհակալ եմ նախագահ Բեռլուսկոնիին։ Բայց ես նաև մի պարզ «մարդկային» երախտագիտություն եմ զգում՝ նրա հեգնանքի, խելացիության, անկեղծության, հավատարմության համար։ Նա որոշիչ դեր խաղաց իմ զարգացման մեջ՝ սկզբում որպես ֆուտբոլիստ, իսկ հետո՝ որպես մարզիչ»,- Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտի։
«Մենք կորցրեցինք մեծ մարդու և շատ կարևոր մարդու»,- Ռուսաստանի հավաքականի նախկին մարզիչ Ֆաբիո Կապելո։
Ցավակցություն են հայտնել նաև Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին և ֆուտբոլի մարզիչ Արրիգո Սակին, ով հայտնի է դարձել «Միլան»-ի հետ։
Ավելի վաղ գրել էինք, որ Միլանում մահացել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին։ Իտալիայի նախկին վարչապետի մոտ արյան քաղցկեղ էր ախտորոշվել։