Լաչինի միջանցքում անցակետ ստեղծելու Ադրբեջանի միակողմանի որոշումը հակասում է կողմերի միջև վստահություն ստեղծելու ջանքերին, Եվրախորհրդարանում լսումների ժամանակ հայտարարել է ԵՄ դիվանագետ Ժոզեպ Բորելը։
«Ադրբեջանի միակողմանի որոշումը՝ կոնկրետ այս անցակետի ստեղծման վերաբերյալ, լիովին հակասում է կողմերի միջև վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերին»,- ասել է նա։ ԵՄ դիվանագիտության ղեկավարը նշել է նաև, որ «տուժած համայնքներում» սոցիալ-տնտեսական իրավիճակը շատ լուրջ է։
Բորելն ասել է, որ ԵՄ-ն և միջազգային հանրությունը նախկինում խնդրել են Ադրբեջանին թույլ տալ մուտք գործել Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի հովանու ներքո՝ անցակետով: «Մենք դա խնդրել ենք, բայց չենք կարող հարկադրել կամ ուժ գործադրել, որպեսզի կարողանանք անել ավելին», – նշել է նա: Բորելն ընդգծել է, որ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումը կարող է լինել միայն դիվանագիտական։
Նա նշել է, որ Լաչինի միջանցքը դուրս է Հայաստանում տեղակայված ԵՄ առաքելության պատասխանատվությունից և աշխարհագրական ընդգրկումից։ «Հայաստանին սահմանակից տարածքային գոտիներ կան, որտեղից կարելի է հետևել, թե ինչ է կատարվում Լաչինի միջանցքում։ Բայց միջանցքն ինքնին դուրս է առաքելության շրջանակներից և ներառված չէ իր պատասխանատվության շրջանակում։ Հենց հիմա մենք փորձում ենք որոշակի լուծում գտնել այս կոնկրետ խնդրին»,- ասել է Բորելը։
ԵՄ դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Հայաստանում տեղակայված ԵՄ առաքելությունը դաշինքի ջանքերի շատ կարևոր մասն է՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացում առաջընթաց ապահովելու համար։ Նա ընդգծել է առաքելության բացառապես քաղաքացիական բնույթը։ «Սա զինված առաքելություն չէ, իսկ առաքելության բոլոր անդամները, ներառյալ դրա հրամանատարը, քաղաքացիական անձինք են, նրանք զինվորականներ չեն»,- ասել է Բորելը։
Նա հայտարարել է, որ առաքելությունն ուներ «շատ հստակ գծված սահմաններ»։ «Սա խաղաղության գործընթաց չէ, դա խաղաղ գործընթացի մի մասն է», – ասել է Բորելը: Նրա խոսքով՝ առաքելությունը սահմանափակված է իր քաղաքացիական բնույթով, ինչպես նաև այն, որ այն կարող է ակտիվ լինել միայն սահմանի հայկական կողմում։ Ադրբեջանը թույլ չի տվել առաքելությանը գործել սահմանի իր կողմից, ասել է Բորելը։