ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը մտահոգություն է հայտնել Ադրբեջանից հրթիռակոծության արդյունքում «ԱՄՆ-ին առընթեր ընկերության» երկու աշխատակցի վիրավորվելու կապակցությամբ։
«Մենք խորապես մտահոգված ենք, որ Ադրբեջանից կրակոցների հետևանքով վիրավորվել են Հայաստանում ԱՄՆ-ին առընթեր ընկերության երկու աշխատակիցներ։ Մենք կրկնում ենք սահմանների երկայնքով զսպվածության մեր կոչը, քանի որ կողմերը աշխատում են կայուն և հավասարակշռված խաղաղության ուղղությամբ», – գրել է նա Twitter-ում:
ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Երասխում Բաքվի կողմից հայկական դիրքերի գնդակոծման ժամանակ օտարերկրյա երկու քաղաքացի է վիրավորվել։ Նրանք Հնդկաստանի քաղաքացիներ են, որոնք ներգրավված են օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ հունիսի 13-ին ադրբեջանական զինուժը գնդակոծել է Երասխ գյուղի մերձակայքում գտնվող հայկական դիրքերը։ «Երասխի ուղղությամբ ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վնասվել է քաղաքացիական մեքենա և ևս մեկ օբյեկտ»,- հայտնում էր գերատեսչությունը։
ՀՀ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտնել էր, որ հունիսի 13-ին ադրբեջանական կողմն ուղղորդված կրակ է բացել Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ։ «Այժմ, գնդակոծելով կառուցվող գործարանը, Ադրբեջանը բացահայտ արհամարհանք է ցուցաբերում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ»,- ասված էր հայտարարությունում: