ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արտակարգ հեռուստաուղերձում հայտարարել է Ռուսաստանում ապստամբության փորձի մասին, այն որակել որպես դավաճանություն և խոստացել, որ այդ գործողությունների կազմակերպիչները պատասխան կտան։ Ռուսաստանի նախագահն այսպես է մեկնաբանել այն, ինչ կատարվում է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի շուրջ, բայց երբեք չի նշել նրա անունը։
«Այն գործողությունները, որոնք պառակտում են մեր միասնությունը, իրականում հավատուրացություն են մեր ժողովրդի, մեր զինակիցների նկատմամբ, ովքեր այժմ կռվում են ճակատում, սա թիկունքից դանակահարություն է մեր երկրին և մեր ժողովրդին»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը տեղի ունեցող իրադարձությունները համեմատել է 1917թ. հետ` հիշեցնելով, որ բանակի ներսում խռովությունները հանգեցրին առաջին աշխարհամարտում Ռուսաստանի պարտությանը, տարածքային կորուստներին և քաղաքացիական պատերազմի։
Ռուսաստանի զինված ուժերը և պետական այլ գերատեսչություններ ստացել են անհրաժեշտ հրամաններ, հավելել է նա։ Պուտինը չի հստակեցրել, թե ինչ հրամանների մասին է խոսքը։ Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Մոսկվայում, Մոսկվայի մարզում և մի շարք այլ շրջաններում ներդրվում են անվտանգության լրացուցիչ հակաահաբեկչական միջոցառումներ։
Հունիսի 23-ին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը կոչ էր արել զինված ապստամբություն սկսել ռուսական ռազմական ղեկավարության դեմ։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ, ըստ նրա, ՌԴ ՊՆ-ն հարվածել է «Վագների» ճամբարին, ինչի արդյունքում նրա մարտիկները զոհվել են։
ՌԴ ՊՆ-ն այս տեղեկությունն անվանել էր իրականությանը չհամապատասխանող և դիմել «Վագների» մարտիկներին խոհեմություն ցուցաբերելու և իշխանություններին դիմելու համար՝ նշելով, որ նրանց խաբելեությամբ ներքաշել են Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության և զինված ապստամբության մեջ։ «Վագներ» խմբավորման ղեկավարի անունից զինված ապստամբության կոչերով հայտարարությունների առնչությամբ Ռուսաստանում քրգործ է հարուցվել, հայտնել է Ազգային հակաահաբեկչական կոմիտեն։
Մոսկվայում, Մոսկվայի և Վորոնեժի մարզերում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել, հաղորդում է ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայրաքաղաքում հակաահաբեկչական միջոցառումներ են իրականացվում անվտանգության միջոցառումներն ուժեղացնելու համար։
Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը Ռոստովի բնակիչներին հորդորել է չմեկնել քաղաքի կենտրոն և անտեղի դուրս չգալ փողոց։ Հայտնի է Մոսկվայում, Վորոնեժի և Լիպեցկի մարզերում զանգվածային միջոցառումների չեղարկման մասին։
Արհեստական բանականությունն իր ինտելեկտով կարող է գերազանցել մարդկանց․ Մասկ
Tesla и SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ AI-ը՝ արհեստական բանականությունը, կարող է իր ինտելեկտով գերազանցել մարդկանց։ «Ավելի...