Սոբյանինը երկուշաբթին՝ հունիսի 26-ը, Մոսկվայում հայտարարել է ոչ աշխատանքային օր՝ պայմանավորված ԱՊԿ ռեժիմով, հայտնում է «Forbes»-ը։
«Իրավիճակը բարդ է։ Ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով օպերատիվ շտաբի շրջանակներում որոշել եմ երկուշաբթի օրը հայտարարել ոչ աշխատանքային օր՝ բացառությամբ պետական մարմինների և շարունակական ցիկլի ձեռնարկությունների, ռազմարդյունաբերական համալիրի, քաղաքային ծառայությունների»,- գրել է Մոսկվայի քաղաքապետը։
ԶԼՄ-ի փոխանցմամբ՝ Սոբյանինը քաղաքացիներին խնդրել է զերծ մնալ քաղաքում երթևեկելուց և խոստովանել, որ որոշ թաղամասերում և ճանապարհներին երթևեկությունն արգելափակվում է։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արտակարգ հեռուստաուղերձում հայտարարել է Ռուսաստանում ապստամբության փորձի մասին, այն որակել որպես դավաճանություն և խոստացել, որ այդ գործողությունների կազմակերպիչները պատասխան կտան։ ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն էլ հայտնել էր, որ Մոսկվայում, Մոսկվայի և Վորոնեժի մարզերում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։ Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը Ռոստովի բնակիչներին հորդորել էր չմեկնել քաղաքի կենտրոն և անտեղի դուրս չգալ փողոց։