Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում աջակցություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարության քայլերին՝ կապված երկրում ապստամբության փորձի հետ։
«ՌԴ նախագահը տեղեկացրել է երկրում տիրող իրավիճակի մասին՝ կապված զինված ապստամբության փորձի հետ։ Թուրքիայի Հանրապետության նախագահը լիակատար աջակցություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարության ձեռնարկած քայլերին»,- ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությանը, Էրդողանը հայտնել է Անկարայի պատրաստակամությունը՝ «նպաստել Ռուսաստանի Դաշնությունում խաղաղության արագ ապահովմանը և ընդգծել ընդունված որոշումների շրջանակներում ողջախոհության պահպանման կարևորությունը»։
Նշվում է, որ Թուրքիայի նախագահը հույս է հայտնել գործընթացների շուտափույթ և խաղաղ հանգուցալուծման համար։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արտակարգ հեռուստաուղերձում հայտարարել է Ռուսաստանում ապստամբության փորձի մասին, այն որակել որպես դավաճանություն և խոստացել, որ այդ գործողությունների կազմակերպիչները պատասխան կտան։ ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն էլ հայտնել էր, որ Մոսկվայում, Մոսկվայի և Վորոնեժի մարզերում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։ Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը Ռոստովի բնակիչներին հորդորել էր չմեկնել քաղաքի կենտրոն և անտեղի դուրս չգալ փողոց։