Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին հրավիրել Անվտանգության խորհուրդ՝ քննարկելու վրաց-ռուսական սահմանին հսկողության խստացման և Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերանայելու հարցը, հայտնում է «РИА Новости»-ն։
«Վարչապետին կոչ եմ անում անհապաղ գումարել Անվտանգության խորհրդի նիստ, կարծում եմ, որ այսօր կարևոր է այս ձևաչափով մի քանի կարևոր հարց դիտարկել։ Առաջինը սահմանային հսկողության խստացումն է և վիզային ռեժիմի վերանայումը (Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար), երկրորդը` սահմանում առկա պատժամիջոցների տակ գտնվող անձանց ցուցակների օգտագործումն է, և մեր գործընկերները վերահսկում են այդ ցուցակները»,- ասել է նախագահը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Վրաստանն առաջնային» հասարակական շարժումը հանրահավաք է անցկացնում նախագահական նստավայրի մոտ՝ պահանջելով Սալոմե Զուրաբիշվիլիի հրաժարականը։