ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը «կառուցողական» է անվանել ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև Վաշինգտոնում կայացած բանակցությունները։
«Մենք կարծում ենք, որ բանակցությունները կառուցողական էին»,- ասել է Միլլերը ճեպազրույցի ժամանակ: Նա հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր կրկին առանձին հանդիպումներ է ունենում ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, տեղի կունենա նաև եռակողմ հանդիպում։
Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ գերատեսչության ղեկավարը կխոսի այն մասին, թե ինչպես են ընթացել բանակցությունները։ Միլլերը չի մեկնաբանել նաև ԱՄՆ-ում ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր բանակցությունների անցկացման հնարավորությունը։ «Ես չէի մեկնաբանի հնարավոր ապագա հանդիպումները, մինչ չավարտվի ներկայումս ընթացողը»,- ասել է նա։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում, որտեղ հունիսի 27-ին մեկնարկել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ Հունիսի 27-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը։ Ավելի վաղ Միրզոյանը բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղարի հետ։ Հունիսի 28-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի եռակողմ հանդիպումը։ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել էր, որ Միրզոյան-Բայրամով բանակցությունները Վաշինգտոնում կտևեն մինչև հունիսի 29-ը։