Ֆրանսիայում անկարգությունները ճնշելու համար կօգտագործվեն ազգային ժանդարմերիայի 18 զրահափոխադրիչներ, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ «BFM» հեռուստաալիքի հղումով։
Նշվում է, որ զրահափոխադրիչների, այդ թվում՝ չորս նորագույն բազմաֆունկցիոնալ «Centaure»-ի կիրառումը հավանության է արժանացել Ֆրանսիայի կառավարության ղեկավար Էլիզաբեթ Բորնի կողմից՝ ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինի առաջարկով։
Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել հունիսի 27-ին Փարիզի Նանտեր արվարձանում ոստիկանի կողմից արաբական ծագումով 17-ամյա ֆրանսիացու սպանությունից հետո։ Ավելի ուշ անկարգությունները տարածվեցին այլ համայնքներում և խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Դիժոնը, Լիլը, Լիոնը, Մարսելը, Ստրասբուրգը և Թուլուզը:
Գործակալության տվյալներով՝ հունիսի 30-ի գիշերը ՆԳՆ-ն գործի է դրել 40 հազար իրավապահ՝ շարունակվող անկարգությունները ճնշելու համար։ Երկրի մի շարք քաղաքներում հատուկ ջոկատայինները պարեկություն են իրականացնում փողոցներում, կիրառվում են զրահատեխնիկա ու ուղղաթիռներ։ Ուրբաթ գիշեր տեղի ունեցած անկարգությունների ժամանակ բերման է ենթարկվել 875 մարդ, վիրավորվել՝ 249 ոստիկան ու ժանդարմ։ Բնակարանային քաղաքականության հարցերով նախարարի պատվիրակ Օլիվյե Կլայնը ավելի վաղ խոստովանել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է երկրում արտակարգ դրություն հայտարարել։