Ֆրանսիայում գնդակահարված 17-ամյա տղայի տատիկը կոչ է արել դադարեցնել բռնությունն ու անկարգությունները, TASS-ի փոխանցմամբ այս մասին նա հայտարարել է BFM հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ես ուզում եմ, որ բռնությունն ամենուր դադարեցվի։ Ես կոչ եմ անում կանգ առնել»,-ասել է նա։
Նա հավելել է, որ ագրեսիվ ցուցարարներին չի կարելի թույլ տալ հարձակվել դպրոցների վրա: Կինը նաև հայտարարել է, որ դեմ է ոստիկանների վրա հարձակումներին և հավելել, որ վերջին խոսքը ֆրանսիական արդարադատությանն է:, որին ինքը վստահում է։
Տղայի մահը բողոքի ակցիաներ էր հրահրել ամբողջ Ֆրանսիայում։
Ֆրանսիայում հունիսի 2-ի գիշերը շարունակվել են բախումները, որի ընթացքում ավելի քան 700 մարդ է ձերբակալվել։
Հունիսի 27-ին Ֆրանսիայի ոստիկանները Նանտերի ճանապարհին ստուգման ժամանակ գնդակահարել են 17-ամյա դեռահասի, որը, ըստ ուժայինների, հրաժարվել է կատարել իրենց պահանջները: Ֆրանսիայի մի շարք քաղաքներում դեպքից հետո անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր։ Ֆրանսիայի ոստիկանության տվյալներով՝ ամբողջ երկրում երիտասարդները հրկիզել են մոտ 3300 ավտոմեքենա։ Հրկիզվել և վնասվել են նաև պետական կառույցներ, թալանվել է մոտ 250 բանկ, 200 մթերային խանութ և մոտ տասը առևտրի կենտրոն: Մի շարք քաղաքներում ոստիկանական հատուկ ջոկատայիններ են տեղակայվել, գործի են դրվել զրահատեխնիկա և ուղղաթիռներ: