Բաքուն հավատարիմ է Հայաստանի և Ռուսաստանի հետ եռակողմ հայտարարության իրականացմանը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահիանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո։
«Նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ես հասկացել եմ, որ ադրբեջանական կողմը հավատարիմ է եռակողմ հռչակագրի իրականացմանը։ Ադրբեջանն աջակցում է կապի և տրանսպորտային ուղիների բացմանը, ինչպես արտացոլված է եռակողմ հայտարարության մեջ։ Այս տարածաշրջանը մեծ ներուժ ունի տարանցման առումով։ Իրանն աջակցում է համագործակցությանը այս նպատակի և ներուժի իրացման համար»,- Աբդուլլահիանի խոսքերն է մեջբերում Իրանի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։
Աբդուլլահիանը նշել է, որ Իրանը միշտ դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը և աջակցում է Հարավային Կովկասում վեճերի խաղաղ կարգավորմանը։
Հունիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինուժի կողմից Արցախի Մարտունու և Մարտակերտի շրջանների հայկական դիրքերի գնդակոծության հետևանքով զոհվել է ՊԲ 4 զինծառայող՝ Արմո Աբգարյանը, Սամվել Թորոսյանը, Երվանդ Թադևոսյանը, Գագիկ Բալայանը։ Հուլիսի 3-ին Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հուլիսի 4-ին հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի երկու խախտման մասին։ «Հրադադարի ռեժիմի երկու խախտում է գրանցվել Մարտունու և Շուշիի շրջաններում։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուս խաղաղապահների հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ»,- նշված է գերատեսչության տեղեկագրում։